Ժամանակաշրջանների մասին

Պատահում ա, որ մտածում ենք, թե ինչի՞ հիմա չկան Դա Վինչիներ, Շեքսպիրներ, Էյլերներ, չկա Մոցարտ, չկա Թումանյան, մի խոսքով՝ անհատի մշակութային ցենզից կախված անցյալի ցանկացած հանճարեղ կերպար, ում ով ավելի հոգեհարազատ ա։

Խնդիրը ժամանակաշրջանի մեջ ա: Անիմաստ չհուսադրենք մեզ, որ հարևան հարբեցողի էրեխեն, որ 1․5 տարեկանում սովորել ա ռետուզը ճիշտ հագնել (Աստված գիտի ինչ պատճառով), դառնալու ա վաղվա Էվկլիդեսը կամ ուրիշ «տիտան» (ըտեղ ում ցնդած երևակայությունն ինչ ասոցիացիա տեսավ ռետուզ հագնելու ու գիտության/արվեստի/ռազմարվեստի/կերպարվեստի/պարարվեստի/այլի միջև):

Փորձենք անկեղծ լինել, իսկ պիտի՞ էլի (նորից, կրկին, վերստին, դարձյալ, ստեղ տերմինաբանությունը չի էական, այլ հարաբերականորեն պրագմատիկ հայացքն առ ցանկալին) լինեն էդ մարդիկ։ Կամ եթե պիտի լինեն, ինչի՞ պիտի լինեն, ի՞նչ ա դա տալու ու էդ ժանրի լիքը հարցեր։

Համաշխարհային գանձարանն արդեն ունի էն, ինչ տվել են էդ մարդիկ։ Էլ պետք չի, հերիք ա (հուսամ սա կարդալուց երաժշտական միջին ուսումնարանի դաշնամուրի և ոչ մի ուսուցչուհի սրտի անբավարարությունից չմահացավ)։ Բնությունն իր ողջ իռացիոնալությամբ շատ ռացիոնալ ա էս հարցում, ապագան էդ մարդիկ չեն, ապագան ուրիշ տեղ ա, հավատացնում եմ, եթե պետք լինի՝ նորից կհայտնվեն, էն էլ ոնց, ինտերնետ էլ կա, հաստատ կիմանանք, դաժե էս մեդիաաղբի դարաշրջանում կիմանանք, անպայման կիմանանք։ Ապագան այլ ռեսուրսների մեջ ա, ապագան տիեզերքում ա, իսկ ավելի շուտ ապագան տիեզերքը մաքսիմալ արագ գրավելու ու ռացիոնալ օգտագործելու, դրան հասնելու համար անհրաժեշտ հսկայական աշխատանքը կազմակերպելու ու ուղղորդելու մեջ ա։ Էդ պրոցեսը չմարելու, էդ պրոցեսին կատալիզատոր հանդիսանալու մեջ ա։ Եթե նույնիսկ էդ երևույթին հասնելը չի պահանջում կոնկրետ մի անհատի աշխատանք։

Հավանաբար հենց էս մղումն ա, որ ստիպել ա մարդուն ստեղծագործել, հորինել, փնտրել, գտնել էն, ինչ գտել ա դարեր, հազարամյակներ շարունակ։ Էդ գտածն էլ վաղուց շոշափելի չի հասարակ մարդու համար, էքսպոնենցիալ դառնում ա պակաս շոշափելի ոլորտից դուրս այլ գիտնականների համար ևս, դրա համար էլ աստիճանաբար պակասում ա գիտնականի անվան թափը, մարդկանց ուրիշ արվեստ ա ոգեշնչում, նույն էդ գիտնականին էլ, դրա համար էլ Մոցարտ չի ծնվում, այլ կենցաղ ա գրավում, այլ գրականություն ա ձգում։ Էդ սաղ եղել ա․․․

Աշխարհը դադարում ա լինել միաբևեռ, մի անձի շուրջ կենտրոնացած, կարգն ա փոխվում, դրա համար էլ էդ վառ անհատներից չեն ծնվում։ Ավելի շուտ վառ անհատներ ծնվում են, զուտ իրանց ենք այլ կերպ ընկալում, ոչ էն ձև, ոնց նախկին անհատներին։ Հավատացեք, բնությունը դա հաստատ կարգավորում ա, ավելի վեր չլինենք բնությունից, հեն ա երկու հատ թեթև երկրաշարժ եղավ ու ոնց որ թե գիտակցեցինք, որ մոտավորապես կապիկին հավասար ենք բնության համար, գուցե կապիկի նկատմամբ ավելի էլ ներողամիտ գտնվի, ո՞վ գիտի։

Ավելի լոկալ համեմատություն կարելի ա տանել շախմատի հետ։ Էլ մարդիկ չեն խաղում ռոմանտիկ շախմատ, ուր կողմերից մեկը զոհաբերում ա հնարավոր բոլոր ֆիգուրները ու մի թեթև քայլով մատ հայտարարում, էդ էլ չկա։ Մեթոդը հաղթեց։ Դրա հիման վրա շուրջ մեկ դար, ընդմիջումներով, սովետական շախմատը դոմինացրեց աշխարհն իր գիտական մոտեցմամբ, դրան հաջորդեց Ֆիշերի ճեղքումը։ Մարդը գործնականում ապացուցեց,որ անհատի անսահման ռեսուրսը ունակ ա սիստեմին հաղթել։ Համակարգման պակասի, էքսցենտրիկության ու անհավասարակշռության պատճառով էդ երևույթը նորից տեղի տվեց մեթոդին։ Հետո մեթոդի դեմ մեթոդաբար ըմբոստացողին։ Եկավ շրջան, որ տեխնոլոգիան հաղթեց, ու տենց շարունակ կգնա։ Աշխարհը դինամիկ փոխվում ա։ Կփոխվի, էլ չեն լինի երևույթները, որ առաջ կային, բայց հաստատ մի բան կլինի դրա փոխարեն, գուցե կանցնի, նոր կհասկանանք, որ դա հենց էդ էր, երբ արդեն կփնտրենք արդեն հին դարձած երբեմնի նոր երևույթը։ Երևի։